14 մայիսի 2008 - 13:57 AMT
Երեւանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer զորավարժությունների ծրագրման համաժողովը
Մայիսի 14-ին Երեւանում մեկնարկեց «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը, որոնք տեղի կունենան Հայաստանում 2008 թվականի աշնանը: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին եւ բացման խոսքով հանդես եկան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը եւ Դաշնակցային ցամաքային բաղադրիչ ուժերի Հայդելբերգի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Կլաուդիո Վերչելոտտին: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են 30 ազգության շուրջ 110 զինվորականներ: Նրանցից 37 -ը ՆԱՏՕ-ի տարբեր հրամանատարություններից են, 63-ը` արդեն իսկ զորավարժություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած 21 պետություններից: Իրենց սպաներին Հայաստան են գործուղել ՆԱՏՕ-ի անդամ 7 երկների (ԱՄՆ, Լեհաստան, Լիտվա, Կանադա, Հունաստան, Հունգարիա եւ Մեծ Բրիտանիա), ԳՀԽ անդամ 13` այդ թվում նաեւ Հայաստանը, (Ալբանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա, Չեռնոգորիա, Ղազախստան, Մոլդովա, Սերբիա, Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Վրաստան եւ Ուկրաինա) եւ Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության մեկ (Միացյալ Արաբական Էմիրություններ) երկիր: Հիմնական պլանավորման համաժողովի օրերին կշարունակվի զորավարժության պլանի մշակումը, կհամաձայնեցվեն իրավական հարցերը, կհամակարգվեն ուսումնավարժական միջոցառումների ծրագրերը, կամբողջացվեն անձնակազմի համալրման ցուցակները եւ այլն:


«Համատեղ Աղեղ-2008»-ը ՆԱՏՕ/ԳՀԽ արագ արձագանքման տարրերով բազմազգ բրիգադի շտաբի կողմից խաղաղապահ գործողությունների պլանավորման եւ վերահսկման հրամանատարաշտաբային զորավարժություն է, որի մասնակցում են մոտ 350 սպաներ, ենթասպաներ, սերժանտներ: «Համատեղ նիզակակիր - 2008»-ը ՆԱՏՕ/ԳՀԽ դաշտային զորավարժություն է` բազմազգ խաղաղապահ գումարտակի մասնակցությամբ` ավելի քան 800 սպա, ենթասպա, սերժանտ:

Այս եռափուլ զորավարժության օրերին իրականին մոտ միջավայրում անցկացվող վարժական միջոցառումները կնպաստեն անձնակազմի խաղաղապահ գործողությունների հմտությունների յուրացմանը եւ դրանց ընթացքում կիրառվող հետեւակային հմտությունների զարգացմանը: