29 օգոստոսի 2018 - 17:51 AMT
2 նոր նամականիշ է մարվել՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային

2018-ի օգոստոսի 29-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ դրվել է երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան- Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային:

Յուրաքանչյուր փոստային նամականիշ ունի 280 դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝40 000 տպաքանակով: Հայկական նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Հնդկական նամականիշի հեղինակն էդիզայներ Սուրեշ Կումարը:

Առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով Արեք» պարը, որի հիմքում ընկած է «Հով արեք, սարեր ջան» քնարական ժողովրդական երգը՝ներառված Կոմիտասի հավաքածուի մեջ: Պարը կատարում են կանայք, ովքեր այն դարձնում են ավելի նրբագեղ և քնքուշ:

Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից մեկն է: Այն ծագել է Հնդկաստանի հեռավոր արևելքում գտնվող Մանիպուր նահանգում:

Ավանդական «Մանիպուրի» պարը բաղկացած է նուրբ, քնարական և հեզաճկուն շարժումներից: Նամականիշերի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Յոգեշվար Սանգվանը, Հնդկաստանի Փոստի ֆիլատելիայի գծով փոխտնօրեն Շրի Աբհինավ Պրատապ Սինքխը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Նամականիշների չափսերն են` 40,0 x 30,0 մմ, տպաքանակը՝ 40 000 հ. x 2: