15 մայիսի 2008 - 19:18 AMT
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի հնչեցրած մոտեցումները որեւէ ընհանուր բան չունեն բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի հետ
Անընդհատ պնդելով սեփական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, Ադրբեջանը չի կարողանա ընդգրկել այդ կետերը կարգավորման փաստաթղթում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արազ Ազիմովի կողմից ներկայացված Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նալբանդյանի խոսքերով, Ազիմովի հնչեցրած մոտեցումները որեւէ ընհանուր բան չունեն բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի հետ, Ազիմովն ընդամենը ներկայացրել է իր եւ Ադրբեջանի դիրքորոշումը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նորից հաստատել է, որ բանակցությունների գլխավոր պահը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի հիման վրա: Նախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են առաջարկություններ, որոնք հանդիսանում են տքնաջան աշխատանքի արդյունք եւ կարեւոր է շարունակել բանակցությունները այդ առաջարկությունների հիման վրա, հաղորդում է Regnum-ը:

Հիշեցնենք, որ Day.az-ին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով: Ազիմովի ներկայացված 8 սկզբունքների համաձայն, հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հակամարտության կարգավորման նպատակն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջանների վերադարձը, այլեւ Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանի իրավասությանը: