17 մայիսի 2008 - 14:36 AMT
Հայաստանը կարեւորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը
Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացումը եւ համատեղ քայլերի ձեռնարկումը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական գործընկերության եւ համագործակցության խորացման ուղղությամբ: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսի հետ հանդիպմանը: Հանգամանորեն քննարկվել են Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը եւ դրանց հեռանկարները, ինչպես նաեւ հիմնադրամի ծրագրերի շարունակման չափորոշիչները:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում հետընտրական զարգացումներին: Այդ առումով Թոմ Ադամս ընդգծեց իրադրության անկողմնակալ եւ ճշգրիտ գնահատման անհրաժեշտությունը: Նախարար Նալբանդյանն իր հերթին վերահաստատեց Հայաստանի իշխանությունների վճռականությունը ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, քանզի դա հայ ժողովրդի կողմից գիտակցաբար ընտրված զարգացման ուղին է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: