17 մայիսի 2008 - 14:41 AMT
Բաքվի ոչնչացված քրիստոնեական գերեզմանոցի տեղում նորակառույցներ կկանգնեցվեն
Գերեզմանոցի ոչնչացումը Բաքվի Նարիմանովի շրջանում նման ծավալներում իմաստ չուներ: Այդ մասին հայտարարել է իրավապաշտպան, Ադրբեջանի զինվորական մայրերի կոմիտեի նախագահ Թաիսիա Գորդեեւան: Նրա խոսքերով, գերեզմանոցը քանդեցին այդ տարածքը նորակառույցների համար օգտագործելու նպատակով:

«Իմ ունեցած տեղեկատվությամբ, եւ տեսնելով այն, ինչ մնացել է գերեզմանոցից, միանշանակ եզրակացության ես գալիս, որ այստեղ որոշ ժամանակ անց նորակառույցներ կլինեն: Ճանապարհները, որոնց մասին այդքան խոսում էին եւ ինչով արդարացնում էին քանդելու անհրաժեշտությունը, զբաղեցնում են գերեզմանոցի աննշան մասը: Մնացած մասում այժմ ամայի հարթ տարածք է: Հասկանալի է, որ այդպիսի տեղը Նարիմանովի շրջանում ցանկանում են օգտագործել նորակառույցների համար: Կառուցելու են մարդկանց ոսկորների վրա, քանի որ վերաթաղումը, եթե կարելի է դա այդպես անվանել, կատարվել է ինչպես պատահի: Ես գտնում եմ, որ այստեղ շինարարություն ծավալելն անթույլատրելի է, այստեղ հարկավոր է այգի տնկել, որպեսզի այստեղ ծառեր աճեն»,-պնդում է իրավապաշտպան Թաիսիա Գորդեեւան, հաղորդում է Day.az-ը:

2007 թվականի սեպտեմբերին Բաքվի գործադիր իշխանությունը որոշում կայացրեց Նարիմանյան գերեզմանոցի միջով ավտոճանապարհ կառուցելու մասին: Այդ գերեզմանոցում թաղված էին Ադրբեջանի քրիստոնեական հավատքի ներկայացուցչները` հայեր, ռուսներ, ուկրաինացիներ: