19 մայիսի 2008 - 15:54 AMT
Ռուսաստանն առաջարկում է հատուկ կարգավիճակ Մերձդնեստրի համար` Մոլդովայի տարածքային ամբողջականության շրջանակներում
Ռուսաստանը հանդես է գալիս Մոլդովայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին` եթե Մերձդնեստրին պայմանագրով հատուկ կարգավիճակ շնորհվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը Քիշնեւում: «Ինձ համար հաճելի է, որ Մոլդովայում գնահատեցին Պետդումայի հավասարակշիռ եւ պրագմատիկ մոտեցումը հետխորհրդային տարածքի հակամարտությունների կարգավորման հարցում: Եթե Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում մենք մի ուղղություն ենք որդեգրել, ապա Մերձդնեստրի պարագայում, այն բոլորովին այլ է»,-ասել է Միրոնովը:

Նա ընդգծել է, որ նման մոտեցումը պայմանավորված է նաեւ վերսկսված ուղիղ շփումներով Մոլդովայի եւ Մերձդնեստրի շրջանի ղեկավարության միջեւ, ինչին աջակցել է նաեւ Ռուսաստանը: «Եվ թեեւ այդ հանդիպումների ընթացքում դեռեւս չկա ռազմավարական առաջընթաց, երկխոսության վերսկսման, վստահության ամրապնդման աշխատանքային խմբերի ձեւավորման փաստերն ինքնին չափազանց դրական արդյունք կարելի է համարել»,-նշել է Միրոնովը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Մերձդնեստրի խնդրի լուծմանը: «Սակայն մենք գտնում ենք, որ Մերձդնեստրի լուծման բանալին գտնվում է Քիշնեւում եւ Տիրասպոլում: Միայն պայմանավորվելով իրավահավասար հիմքի վրա, գնալով փոխզիջումների, նրանք կարող են հասնել վերջնական համաձայնության»,-ընդգծել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: