21 մայիսի 2008 - 16:56 AMT
Իսրայելի հայ համայնքը հուսով է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կընդգրկվի Կնեսետի օրակարգում
Իսրայելի հայ համայնքը հուսով է, որ Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կընդգրկվի Կնեսետի օրակարգում խորհրդարանական արձակուրդներից հետո, որոնք ավարտվում են մայիսի 18-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է «Հայ Դատի» երուսաղեմյան գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավակյանը: Նրա խոսքերով, պատգամավոր Զեեւվ Էլկինը շարունակում է աշխատել այդ հարցը խորհրդարանում արծարծելու ուղղությամբ: «Ճիշտ է, մենք բախվում ենք ադրբեջանական լոբբիի դիմակայությանը: Իրականում, Իսրայելյան խորհրդարանի պատգամավորները, որոնք կարծես ներկայացնում են Բաքվի շահերը, գործում են Թուրքիայի հրահանգով: Ցավոք, Իսրայելը շատ է կախված Թուրւքիայից. դա եւ անվտանգության հարցն է, եւ ջրի եւ շատ այլ բաներ: Այնուամենայնիվ, Իսրայելի հայ համայնքը, որը կազմված է 3000 մարդուց, լավատեսորեն է տրամադրված: Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել Հայաստանի եւ Իսրայելի խորհրդարանական խմբերի միջեւ հանդիպումները: Մենք կարծում ենք, որ դա եւս կարող է իր դերը խաղալ Կնեսետում Հայոց ցեղասպանության քննարկման գործում»,- ասել է Ավակյանը: