Բելառուսն առաջարկել է Հայաստանում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություններ հիմնել: Այդ հարցը քննարկվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպմանը:
Անդրեյչենկոն մի քանի առաջարկ է ներկայացրել, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին: «Դրանք հավաքման արտադրությունների կազմակերպման հարցերն են, օրինակ, վերելակների»,-ասել է նա՝ հավելելով, որ Երևանում վերելակների փոխարինման լուրջ ծրագիր կա, հայտնում է Բելտա գործակալությունը:
Նա ենթադրել է նաև, որ բելառուս մասնագետները կարող են մասնակցել նման ծրագրի կազմակերպմանը: Նա ևս մեկ հեռանկարային ուղղություն է համարել գյուղտեխնիկայի հավաքման արտադրությունը, մասնավորապես, խոսքը տրակտորների մասին է: Գործակցությունն այդ ոլորտում ակտուալ է, քանի որ ՀՀ-ն վերազինում է գյուղտեխնիկան և պարբերաբար բելառուսական տրակտորներ գնում:
Վլադիմիր Անդրեյչենկոն նշել է նաև, որ 2017-ին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է մոտ $43 մլն, 2016-ի համեմատ աճելով ավելի քան 35 տոկոսով: Նա հավելել է, որ դրական դինամիկան պահպանվել է նաև 2018-ին:
Շարմազանովը համամիտ է եղել, որ առևտրատնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Նշվում է, որ Բելառուսի առաջարկները հետաքրքրել են հայ խորհրդարանականներին, նրանք մտադիր են աջակցել այդ հարցում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահՎլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
ԱԺ պատվիրակությունը մասնակցելու է ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին: Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ: