27 սեպտեմբերի 2018 - 11:08 AMT
ԱԳ նախարար. ՀՀ-ն պատրաստ է ընդարձակել մարդասիրական առաքելությունը՝ ուղղված օժանդակությանը Սիրիայի հայ համայնքին

Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդարձակել մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի հայ համայնքի հրատապ կարիքների բավարարմանը։ Այդ մասին սեպտեմբերի 26-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրայի հետ հանդիպմանը:

Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս է արտահայտել իր լուրջ մտահոգությունը Սիրիայում ճգնաժամի և դրա հետևանքով Սիրիայի հայ համայնքի անվտանգության կապակցությամբ:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակել երկրում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ մարդասիրական նախագիծ է իրականացվելու, որն իր բնույթով աննախադեպ է լինելու: Առաքելության հիմնական շարժառիթը Սիրիայի Հալեպ քաղաքի հայությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին հայտարարել է, որ խոսքը շուրջ 100 ռազմական մասնագետներից բաղկացած ստորաբաժանման մասին է: «Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության անձնակազմ է ներգրավված լինելու»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ Սիրիայում հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից։