29 մայիսի 2008 - 13:27 AMT
ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուները դատապարտել են Դարֆուրի ցեղասպանությունը
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահության դեմոկրատ թեկնածուներ Բարակ Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի ու սենատոր-հանրապետական Ջոն Մըքքեյնի հայտարարությունը, որտեղ կոչ է արվում վերջ դնել Դարֆուրում շարունակվող ցեղասպանությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ն է հաղորդել ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, հայտարարության մեջ ասվում է, որ Սուդանի կառավարությունը արդեն 5 տարի շարունակ դաժան ցեղասպանություն է իրագործում Դարֆուրի քաղաքացիական բնակչության դեմ, ինչն անընդունելի է ամերիկյան ժողովրդի եւ ողջ աշխարհի համար: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, միայն բոլոր ցեղասպանությունների հստակ եւ աներկբա դատապարտման դեպքում, սկսած Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոսթից, Կամբոջայից, Ռուանդայից եւ Սուդանից, կարելի է վերջ դնել ցեղասպանությունների շրջանին, «քսաներորդ դարի ժանտախտին»: