
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը միտված է խորհրդարանի լուծարմանը խոչընդոտելուն: Այն քվեարկության կդրվի վաղը՝ հոկտեմբերի 3-ին:
Հաշվի առնելով, որ «Աժ կանոնակարգ» օրենքը սահմանադրական է, այն կարող է ընդունվել միայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ այսինքն 63 պատգամավոր պետք է կողմ քվեարկի նախագծին: Ակնհայտ է, որ 50 պատգամավորից բաղկացած և վերջերս մեծամասնությունից զրկված խմբակցությանն անհրաժեշտ է այլ խմբակցությունների աջակցությունը:
ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ աջակցում է նախագծին, ստացվում է, որ ՀՀԿ-ի ԱԺ արտահերթ ընտրությունները տապալելուն միտված առաջարկը հոկտեմբերի 3-ի քվեարկությանը կարող է ունենալ առնվազ 57 պատգամավորի աջակցությունը:
Հաշվի առնելով, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նույնպես ներգրավվել է նախագիծը խորհրդարան բերելու գործընթացին, կարելի է ենթադրել, որ այն աջակիցներ կունենա նաև «Ծառուկյան» խմբակցությունում:
ԵԼՔ-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ դեմ են քվեարկելու նախագծին: Պարզ չէ նաև, արդյոք խմբակցությունը կունենա խորհրդարանի՝ վերջերս «Հանրապետական» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների աջակցությունը:
Ավելի վաղ, Փաշինյանը, անդրադառնալով խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ասել է, որ դրան կողմ քվեարկած պատգամավորները հակահեղափոխականներ են: Նա ասել էր, որ հաշվի առնելով այս զարգացումները, արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի դեկտեմբերին:
Ընթերցեք նաև՝Փաշինյանը հնարավոր է հոկտեմբերի 3-ին փողոց կանչի համախոհներին:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագիծ են մշակել: Այն հոկտեմբերի 2-ին քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Նախագծի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է և նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողն իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ:
Հարակից զեկուցող կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննադատել է ՀՀԿ-ական պատգամավորների գործելաոճը, քանի որ վերջիններս նախագծի երկրորդ ընթերցման անվան տակ կարևոր փոփոխություններ են անում ու փորձում արագ անցկացնել: