31 մայիսի 2008 - 13:50 AMT
Ս.Լավրով. ԵԱՀԿ ՄԽ-ի Ղարաբաղի վերաբերյալ առաջարկները ամուր հիմք են հետագա առաջընթացի համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում կայանալիք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը նոր խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Ամենակարեւորը` մենք սպասում ենք երկու երկրների նախագահներին հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում: Հուսով ենք, որ հանդիպումը դրական կլինի, որ այդ հանդիպումից հետո նախագահները կհանձնարարեն արտգործնախարարներին շարունակել բանակցությունները, եւ մենք հետագայում եւս կփորձենք գտնել կարգավորման ուղիներ` Մինսկի խմբի միջնորդությամբ եւ այն առաջարկների հիման վրա, որոնք դրված են բանակցությունների սեղանին»,-ասել է Նալբանդյանը ուրբաթ օրը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին:
Իր հերթին, ՌԴ ԱԳՆ ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ երկու նախագահների հանդիպումը կոչված է հիմք դնել երկու նախարարների հետագա աշխատանքի համար` համանախագահների աջակցությամբ: «Անշուշտ, պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել միայն ուղղակի բանակցությունների արդյունքում, սակայն համանախագահների մեխանիզմը միշտ բարձր է գնահատվել երկու կողմերի մեր պաշտոնական հանդիպումներում: Այդ առումով է պետք գնահատել իրավիճակը, երբ այս կամ այն առաջարկը, կարգավորման համար ստեղծված մեխանիզմների շրջանակներից դուրս դրվում է հրապարակային քվեարկության»,-ասել է Լավրովը: Նրա խոսքերով, դա հազիվ թե կնպաստի այն ընդհանուր ջանքերին, որոնք ուղղված են համաշխարհային հանրության կողմից առավել կառուցողական արտաքին մթնոլորտի ստեղծմանը` կողմերի նորմալ աշխատանքի համար:
«Իհարկե, հասկանալի է այս կամ այն կողմի ձգտումը որքան հնարավոր է շուտ հասնել կարգավորման, կարգավորել իրավիճակը, դա միշտ կարեւոր է: Միեւնույն ժամանակ, կուտակվել է տարբեր ճգնաժամային իրավիճակների բավականին մեծ փորձ, որը խոսում է այն մասին, որ եթե մենք պայմանավորվել ենք աշխատել կոնկրետ ձեւաչափով, ապա հարկավոր է գործել հետեւողականորեն, եւ մի շարք դեպքերում հասկանալի անհամբերությունը չպետք է կասկածի տակ առնի այս կամ այն բանակցային մեխանիզմը, առավել եւս այն մեխանիզմը, որը գործնականորեն ապացուցել է իր արդյունավետությունը»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Մինսկի խմբի համանախագահները նախարարների մակարդակով Հայաստանին եւ Ադրբեջանին են փոխանցել առաջարկներ, որոնք չեն սպառում բոլոր այն հարցերը, որ անհրաժեշտ են լիակատար պայմանավորվածության համար, սակայն դրական առաջընթաց են գրանցում ապագա կարգավորման ասպեկտների մեծ մասով: «Դա պաշտոնական փաստաթուղթ է, այն պահվում է ԵԱՀԿ-ում եւ ամուր հիմք է հանդիսանում հետագա առաջխաղացման համար»,-ասել է ռուս նախարարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: