31 մայիսի 2008 - 15:15 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը կզարգանա
Մայիսի 30-ին Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում, քննարկվեցին Հայաստան-Ռուսաստան բազմաբովանդակ երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն հայտնվեց մեր երկրների դաշնակցային հարաբերություններով եւ ռազմավարական գործընկերությամբ: Նշվեց քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության սրընթաց աճը: Նախարար Նալբանդյանը ընգծեց, որ Ռուսաստանի հետ մեր առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը բոլոր ուղղություններով կշարունակվի ամրապնդվել, հիմնվելով մեր ժողովուրդների ավանդական կապերի վրա:

Մանրամասն անդրադարձ կատարվեց միջազգային բեմահարթակում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցությանը, Անկախ պետությունների համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համատեղ աշխատանքին եւ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների եւ տեսակետների համակարգմանն ուղղված քայլերին:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու եւ բանակցային գործընթացը Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա շարունակելու պատրաստակամությունը:

Կողմերն անդրադարձան նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության եւ կայունության խնդիրներին: