8 հոկտեմբերի 2018 - 10:27 AMT
Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հոկտեմբերի 7-ին հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ):

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ, ասվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում:

Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական շտաբերում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Խզվել են պայմանագրերն արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը: