11 հոկտեմբերի 2018 - 14:03 AMT
Մակրոնի գրառումը Ցեղասպանության թանգարանում. Հարգանքի տուրք նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, հայտնում է թանգարան-ինստիտուտը:

«Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին: Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար: Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար», - գրել է Ֆրանսիայի նախագահը:

ՀՑԹ-Ի տնօրեն Հարություն Մարությանը Ֆրանսիայի նախագահին հանձնել է բարձրաստիճան հյուրերին տրվող ոսկե մեդալ և իր հեղինակած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը», ինչպես նաև Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքերը:

Ֆրանսիայից ժամանած հյուրերը շրջել են նաև Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Մակրոնը տնկել է արծաթափայլ եղևնի:

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան: