Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պատժից պայմանական ազատել է ցմահ բանտարկյալ Կարեն Օգանեսյանին, հայտնում է CivilNet.am-ը:
Օգանեսյանի պաշտպան Միհրան Պողոսյանի փոխանցմամբ, դատարանը սահմանել է 10 տարի փորձաշրջան։
Ցմահ դատապարտյալ Օգանեսյանը 23 տարի պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել 1997-ին, ԱՄՆ-ում՝ երկու անձի սպանության համար։ Այդ ժամանակ Օգանեսյանը 22 տարեկան էր։ Այս տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Կարեն Օգանեսյանի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել:
2015-ին Հայաստանում գրանցվել է նախադեպ, երբ ազատ է արձակվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը՝ անբուժելի հիվանդության պատճառով։ Օգանեսյանի գործը բացառիկ է, քանի որ ցմահ բանտարկյալը ազատ է արձակվում պայմանական հիմքով, և հաշվի է առնվել նրա դրական վարքագիծը։