6 հունիսի 2008 - 13:27 AMT
Անկարան պահանջում է Հունաստանից չեղյալ հայտարարել Պոնտոսի հույների ցեղասպանության օրը
Այն ժամանակ, երբ Թուրքիայի եւ Հունաստանի գլխավոր շտաբերի պետերը հաճոյախոսում էին միմյանց` բանավիճելով Էլեֆտերիոս Վենիզելոսի եւ Քեմալ Աթաթուրքի մասին պատմականորեն վիճահարույց թեմաների շուրջ, պաշտոնական Անկարան սկսեց կտրուկ պնդել Պոնտոսի հույների ցեղասպանության օրը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության վրա:

Իր հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը «մեղադրել է» Հունաստանին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացնելու համար: Թուրքական կողմի կարծիքով, «այդ փաստը խոչընդոտում է երկու երկրների միջեւ երկխոսությանն ու համագործակցությանը»: Թուրքիայի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտում է այն գործողությունները, որոնք վիրավորում են մեր հանրապետության հիմնադիր Աթաթուրքին», մեղադրում է Հունաստանին «խեղաթյուրված պատմական ընկալման» համար, մեղադրում է Հունաստանի կառավարությանը` «Թուրքիայի դեմ չհիմնավորված պնդումներին» սատարելու համար: Թուրքական աղբյուրները նաեւ նշում են, որ նման պահվածքը «վնասում է երկու ժողովրդների բարեկամությանն ու խաթարում է երկկողմ համագործակցությունը»:

Թուրքիայի արտգործնախարարությունն իր պաշտոնական կայքում առանձին էջ է նվիրել Պոնտոսի հարցին, որտեղ պնդումներ են արվում պատմության մեջ չգրանցված կոտորածի մասին, որին իբր թուրքերը ենթարկվել են պոնտոսցիների եւ հայերի կողմից: Հունաստանին մեղադրում են Պոնտոսի հույների ցեղասպանության թեման արծարծելու մեջ` Թուրքիան բաժան-բաժան անելու մասին հարցն առաջ տանելու, Քեմալի անձը վարկաբեկելու եւ...Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցության ուղիներ գտնելու նպատակով:

Հունաստանի ընդդիմությունը վրդովված է Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիի զուսպ արձագանքով Անկարայի հայտարարությանը: Իր հերթին, Հունաստանի ԱԳՆ-ն գոհ է հարեւան երկիր հունական պաշտպանության նախարարության ներկայացուցչի այցից եւ մեղադրում է ընդդիմությանը ազգայնամոլության բորբոքման համար, հաղորդում է greek.ru-ն: