22 հոկտեմբերի 2018 - 09:55 AMT
Դիանա Գասպարյանը՝ ՀՀ առաջին կին քաղաքապետ

Հոկտեմբերի 21-ին Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը՝ դառնալով ՀՀ առաջին կին քաղաքապետը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը:

Քաղաքում ընտրելու իրավունք ունեցող 25,647 հոգուց քվեարկությանը մասնակցել է 8848-ը։ Գասպարյանը ստացել է 4519 քաղաքացու ձայնը։

Համայնքում առաջադրվել էր 12 թեկնածու։

Դիանա Գասպարյանը եղել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը՝ մինչև քաղաքապետ ընտրվելը: