6 հունիսի 2008 - 18:09 AMT
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հիմնել է «Ցիվիլիտաս հիմնադրամը»
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանում հիմնել է «Ցիվիլիտաս հիմնադրամը»: Տասը տարի ծառայելուց հետո ապրիլին պաշտոնից հեռացած նախարարը կշարունակի իր ակտիվ գործունեությունը Հայաստանի հասարակական կյանքում: Հռոմեական «ցիվիլիտաս` լինել քաղաքացի»-ի գաղափարով կոչված «Ցիվիլիտաս հիմնադրամը» նվիրվում է Հայաստանի պետականության եւ նրա ժողովրդի բարեկեցության ամրապնդմանը:Հիմնադրամը գործունեություն կծավալի երկու հիմնական ուղղությամբ` խթանել ըմբռնումը Հայաստանի արտաքին հարաբերությունների շուրջ եւ աջակցել ծրագրերի, որոնք միտված են նպաստելու Հայաստանի զարգացմանը ու ժողովրդավարության խորացմանը:

«Ցիվիլիտաս հիմնադրամի» Արտաքին հարաբերությունների խորհուրդը կտարածի օբյեկտիվ տեղեկատվություն, կհրավիրի կլոր սեղաններ, կոնֆերանսներ եւ դասախոսություններ, հանդես կգա հրապարակումներով, դրանով իսկ հանրությանը, ինչպես նաեւ հանրային կարծիք ձեւավորողներին եւ քաղաքականություն մշակողներին ներգրավելով Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, ինչպես նաեւ մեր երկրի վրա ներազդող միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ օբյեկտիվ բանավեճի մեջ: Արտաքին հարաբերությունների խորհուրդը արտերկրում առանձնանշելու եւ բացատրելու է Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավություններն ու այլընտրանքները: Եվ վերջապես, խորհուրդը աշխատելու է նպաստել Կովկասյան տարածաշրջանում եւ նրանից դուրս խաղաղության ու կայունության հաստատմանը` մշակութային, կրթական եւ քաղաքական երկխոսության միջոցով:

Հայաստանի զարգացման ու ժողովրդավարության տարածման նպատակով, «Ցիվիլիտաս հիմնադրամը» հանդես կգա նոր նախաձեռնություններով եւ կհամալրի արդեն իսկ գործող ծրագրերը, առաջին տարին հատուկ ուշադրություն բեւեռելով կրթության ու մամուլի վրա: Հիմնադրամը հավաքագրելով զանազան միջոցներ, կրթաթոշակներ կտրամադրի արժանի, կարիքավոր ուսանողների` շարունակելու իրենց բարձրագույն կրթությունը Հայաստանում ու արտերկրում: Հիմնադրամը նաեւ իր բովանդակային մասնակցությունը կբերի մամուլում սոցիալական, մշակութային, տնտեսական եւ քաղաքական գործընթացների վերաբերյալ հավասարակշռված տեղեկատվություն տրամադրելով:

«Պետական ծառայության իմ բոլոր տարիների ընթացքում ինձ համար պարզ էր, որ անհատների ու կազմակերպությունների հետ նորարարական ու վստահելի գործընկերային ծրագրերի միջոցով մենք կարող ենք օգտագործել ներքին, սփյուռքյան եւ միջազգային հնարավորությունները, կապերն ու փորձը հասնելու արդյունքների, որոնք օգուտ կբերեն մեր երկրին ու ժողովրդին: Ես ուզում եմ հիմա աշխատել այդ ուղղությամբ », - ասաց պրն. Օսկանյանը:

Հիմնադրամը կաշխատի պետական ու մասնավոր կառույցների, հայկական ու ոչ հայկական հաստատությունների հետ` իրականացնելու բազմաբնույթ ծրագրեր ու ծավալելու գործունեություն, որը կապահովի բարելավումն այնտեղ, որտեղ դա պետք է, հասնելու փոփոխության այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, մշտապես ձգտելով ապահովել արժանապատվությունը:

«Ցիվիլիտաս հիմնադրամը» գրանցված է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հաստատություն: Հիմնադրամը շուտով հայտարարությամբ հանդես կգա հոգաբարձուների խորհրդի, աշխատակազմի եւ գործունեության մասին: Պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերին` Երեւանում: