6 հունիսի 2008 - 19:14 AMT
Հնդկաստանի նախկին պատգամավորը հնդկական բանակի հարձակումը սիկխերի վրա համեմատել է Հայոց ցեղասպանության հետ
Լոկ Սաբխի (Փենջաբի խորհրդարան) նախկին անդամ ու Shiromani Akali Dal (SAD) քաղաքական կուսակցության նախկին նախագահ Սիմրանջիտ Սինգխ Մաննը իր ելույթում հնդկական բանակի հարձակումը սիկխերի վրա 1984 թվականի հունիսի 6-ին համեմատել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը:

Խալիստանի անկախության համար պայքարող սիկխերը համարվում էին Հնդկաստանի ծայրահեղականներ: Սիկխերի նկատմամբ ռազմական գործողություններ են իրականացվել, մասնավորապես, 1984 թվականի հունիսի 6-ին նրանց դեմ «Երկնագույն աստղ» գործողությունն է իրականացվել, երբ հնդկական զորքերը գրավել են Ամրիտսարի Ոսկե տաճարը` սիկխերի սրբարանը:

Սիմրանջիտ Սինգխ Մաննը պահանջել է խորհրդարանից ներողություն հայցել իրականցրած գործողության համար եւ սիկխերի համայնքի նկատմամբ ռազմական գործողությունները բնութագրել է որպես ցեղասպանություն, որն ըստ էության չի զիջում Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը: