7 հունիսի 2008 - 15:55 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նոր կարգավիճակում սա երկու երկրների նախագահների առաջին հանդիպումն էր: Նախագահները վերահաստատել են երկու երկրների միջեւ դաշնակցային գործընկերության հետագա խորացման ձգտումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ եւ ՌԴ միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական փոխգործակցության զարգացման ներկա բարձր մակարդակի վերաբերյալ: Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությունը: Նախագահները համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել են մինչեւ հունիսի վերջ համաձայնեցնել Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման պայմանները:

Մտքեր են փոխանակվել նա- տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին առնչվող խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահները անդրադարձել են նաեւ առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցերին: