7 հունիսի 2008 - 17:00 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը դիմել է Կարմիր Խաչին` խնդրելով կասեցնել Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի քաղաքացիների կտտանքները
Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին: Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր գնահատեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առաքելությունը, իսկ համագործակցությունը` քաղաքակիրթ բարձրագույն արժեքների պահպանմանն ուղղված խիստ անհրաժեշտ գործունեություն` վերջինիս ամենամեծ ձեռքբերումը համարելով այն, որ պատվիրակությունն այլեւս Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական կյանքի օբյեկտիվ իրականությունն է:
Ս.Օհանյանը նաեւ Ջ. Ռեյնոլդսի ուշադրությունը հրավիրեց ներկայումս մեր հինգ հայրենակիցների (չորս քաղաքացիական անձ եւ մեկ ժամկետային զինծառայող)` ադրբեջանական կողմում գտնվելու, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի եւ կտտանքների ենթարկելու փաստին, ինչը դժվարացնում է մեր դիրքորոշման որաշակիացումը ԱՀ քաղաքացու հայրենադարձման հարցում` հայցելով Ջեյմս Ռեյնոլդսի աջակցությունը նախ մեր հայրենակիցների հանդեպ կտտանքները դադարեցնելու եւ, ապա, նրանց Ադրբեջանի վերոնշյալ քաղաքացու հետ փոխանակելու հարցում: Հանդիպման վերջում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: