25 հոկտեմբերի 2018 - 16:55 AMT
Քաղաքապետ. Տրանսպորտային բարեփոխումների ռազմավարությունը գրեթե պատրաստ է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնմանը, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մարությանն առանձնացրել է տրանսպորտային ցանցի արդիականացման առաջնահերթությունը և նկատել, որ այս հարցում բանկը կարող է օգտակար լինել:

«Մեր քաղաքի բնակիչների կողմից որպես կարևոր խնդիր մշտապես նշվում է տրանսպորտային ցանցի բարեփոխումների անհրաժեշտությունը, և մենք գործընկեր կառույցների հետ միասին քննարկելու ենք լավագույն առաջարկները: Այս պահին տրանսպորտային բարեփոխումների ռազմավարությունը գրեթե պատրաստ է, պարզապես պետք է ավարտուն տեսքի բերվի, որից հետո էլ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ

ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն նախ շնորհավորել է Մարությանին համոզիչ հաղթանակի համար:

«Ձեր պատրաստակամությունը, վստահ եմ, նոր հորիզոններ կբացի երկուստեք ծրագրերն ընդլայնելու և նոր ոլորտներ ընդգրկելու համար: Մենք ունենք կառուցողական առաջարկներ, որոնք, կարծում եմ, համայնքային ենթակառուցվածքների զարգացման տեսակետից կհետաքրքրեն Ձեզ»,- նշել է նա:

Ավելի վաղ՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, Հայկ Մարությանը հայտարարել էր, որ պատրաստվում է բարեփոխել քաղաքային տրանսպորտի ցանցը և ավելացնել մետրոյի կանգառների թիվը: