ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըհանդես են եկել յուրաքանչյուր երեխայի համար հավասար հնարավորություններ ստեղծելու կոչով:
Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ի աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների, ֆիլմում, որի կարգախոսն է՝ յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են: Նշվում է, որ պիտակավորումը, անտեսումը, կանխատրամադրվածությունը/նախապաշարմունքները սոցիալական պատնեշներից են, որոնց հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները բախվում են հասարակության մեջ: Հանրային կարծիքը մեծ դեր ունի խոցելի երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, իրավունքների իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում:
«Եթե անգամ երեխան ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունի կամ որևէ այլ սոցիալական խնդիր, դա չի նշանակում, որ նա չի կարող արժեքավոր ներդրում ունենալ համայնքում և հասարակությունում:
Ներառական կրթությունը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ», - ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրությունում։