27 հոկտեմբերի 2018 - 13:31 AMT
Քոչարյանի խոսնակն ու «Տաշիրի» սեփականատերը՝ հայ-ռուսական նոր հարթակի անդամներ

ՀՀ և ՌԴ մի շարք հայտնի հասարակական գործիչներ և գործարարներ, որոնց թվում են նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը և այլոք Զատուլինի պաշտոնական կայքում հանդես են եկել ՌԴ և ՀՀ հանրություններին ուղղված ուղերձով՝ նոր հարթակի ստեղծման մասին: Նոր հարթակը կոչվելու է «Լազարևյան ակումբ» և հանդիսանալու է երկու երկրների քաղաքացիների կամավոր միավորում:

«Եվ Ռուսաստանը, և Հայաստանը պետք է հզոր լինեն՝ հաղթահարելու համար արտաքին և ներքին մարտահրավերները: Պատահական չէ, որ իրենց անկախության բոլոր փուլերում ՌԴ-ն և ՀՀ-ն սատարել են միմյանց, որի հաստատումն է համատեղ մասնակցությունն ԱՊՀ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, ՀԱՊԿ-ին: Նման իրավիճակում արդյունավետ կարող են լինել միայն համատեղ, երկկողմ և բազմակողմ գործողությունները:

Սակայն դա բավարար չէ, հատկապես հիմա: Կենսական նշանակություն ունի ոչ ֆորմալ շփումնրի հաստատումը երկու պետությունների ներկայացուցիչների միջև գիտության, մշակույթի, պետական և հասարակական ոլորտներում, ինչպես նաև բիզնես կառույցներում»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ ուղերձի հեղինակները հանդես են գալիս բանավեճերի նոր, ազատ, ոչ ֆորմալ հարթակի՝ «Լազարևյան ակումբի», ստեղծման նախաձեռնությամբ, որտեղ ՀՀ և ՌԴ տարբեր ոլորտների ներկայացուցիչները կհանդիպեն և կարծիքներ կփոխանակեն, ինչը կնպաստի երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության խորացմանը:

Ենթադրվում է, որ ակումբը ՌԴ և ՀՀ քաղաքացիների կամավոր միավորում կդառնա, որոնք կինքնակազմակերպվեն սատարելու համար հայ-ռուսական երկխոսությանն ամենատարբեր մակարդակներում , ինչպես նաև գիտական, աշխատանքային, գործարար կապերը պահպանելու և ամրապնդելու նպատակով:

Նախատեսվում է, որ հանդիպումների ժամանակ փորձագիտական և վերլուծական գնահատական կտրվի երկկողմ և բազմակողմ հարաբերություններին Կովկասի տարածաշրջանում, կանցկացվեն ակումբի անդամների հավաքներ՝ քննարկելու համար տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության, տնտեսության, պատմության և մշակույթի ակտուալ խնդիրները: Նախատեսվում է նաև երկկողմ աշխատանքային խմբերի նիստեր անցկացնել:

Նշվում է, որ ակումբն աշխատելու է բաց և հրապարակային՝ կազմակերպելով հանդիպումներ, կլոր սեղաններ, հասարակական լսումներ ՌԴ-ում և Հայաստանում: Ակումբը բաց է համագործակցության համար ինչպես պետական և հասարակական կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:

Ուղերձը ստորագրել են նաև ԱՎԻԼՈՆ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, լրագրող և հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը, հասարակական գործիչ, գրող Զորի Բալայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, արտակարգ և լիազոր դեսպան, ՌԴ ԱԳՆ վետերանների միության նախագահ Վլադիմիր Կազիմիրովը և այլոք: