1 նոյեմբերի 2018 - 10:58 AMT
3-րդ և հաջորդ երեխայի նպաստից ամսական տրվող առավելագույն գումարը 50,000 դրամ է դարձել

Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հաստատվել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը, համաձայն որի երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25,000 դրամից բարձրացվում է 50,000 դրամ:

Դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն: Որոշումը միտված է 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Որոշումն ուժի մեջ է մտնելու վաղվանից, և ընտանեկան դրամագլուխը նոր սահմանաչափով տնօրինելու իրավունք ունեն նաև այս պահին գործող հաշվետերերը:

Ավելի վաղ գործադիրը երկրորդ երեխայի միանվագ նպաստը եռապատկել է` 50,000 դրամից 150,000 դրամ դարձնելով: