1 նոյեմբերի 2018 - 11:08 AMT
Դատավորները զենք կստանան ինքնապաշտպանվելու համար

Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հաստատվել է դատավորներին պաշտոնավարման ընթացքում հաշվեցուցակային զենք տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Դատավորին հաշվեցուցակային զենք, այդ թվում՝ փամփուշտներ և պաշտպանության հատուկ միջոցներ են տրամադրվում պաշտոնավարման ժամանակահատվածի համար՝ ինքնապաշտպանության նպատակով: Դրանք տրամադրվելու են ոստիկանության կողմից:

«Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է ոստիկանությունը», - նշվում է նախագծում:

Դատավորին զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա: Եթե դատավորը չի տիրապետում զենքի հետ անվտանգ վարվելու կանոններին, ապա ուսուցումն իրականացնում է ոստիկանությունը: Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված զենքն ու պաշտպանության այլ միջոցները մեկ շաբաթվա ընթացքում դատավորը պետք է հանձնի ոստիկանություն: