3 նոյեմբերի 2018 - 11:46 AMT
Բլոգեր Վարլամովին թույլ չեն տվել մուտքն Ադրբեջան

Ռուսաստանցի բլոգեր Իլյա Վարլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան առանց որևէ պատճառաբանության: Այդ մասին հայտնել է ինքը Վարլամովն իր բլոգում:

«Անձնագրային անցակետի աղջիկը միանգամից մի կողմ դրեց իմ անձնագիրը…Սկսվեցին ինչ-որ հեռախոսազանգեր, իսկ ինձ ասացին, որ սպասեմ: 2 ժամից ինձ մոտեցավ սահմանապահների պետն ու ասաց, որ իմ անձի վերաբերյալ հարցեր կան և պետք է սպասեմ»,-նշել է Վարլամովը:

«Եվս 30 րոպե անց ինձ հայտնեցին, որ «իմ ներկայությունն Ադրբեջանուն անցանկալի է»: Պատճառներ չեն նշվել: Ղեկավարությունը հրահանգել է թույլ չտալ իմ մուտքը երկիր և հիմա ինձ կարտաքսեն»,-նշել է բլոգերը:

Ըստ Վարլամովի, իր ավիաընկերության չվերթն արդեն մեկնել էր, ուստի ավիաընկերության հաշվին նա կարող էր ՌԴ վերադառնալ միայն 24 ժամ անց, սակայն ինքը որոշել է տոմս գնել և մեկնել Ստամբուլ:

«Միանգամից պատասխանեմ բոլոր հարցերին՝ Լեռնային Ղարաբաղում երբեք չեմ եղել, Ադրբեջանի օրենսդրությունը չեմ խախտել: Գուցե պատճառն իմ հին գրառումներն են Բաքվի մասին, դե այս դեպքում արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն միայն գիտի, թե ինչից է նեղացել»,-գրել է բլոգերը:

Նա նաև պատմել է, թե ինչ պայմաններում են իրեն պահել մինչ արտաքսելը: «Բաքվի օդանավակայանի առաջին հարկում ուղղակի մի գոտի են առանձնացրել, որտեղ ապրում են արտաքսման սպասող մարդիկ: Նրանք քնում են հատակին, առանց որևէ հարմարության: Գարշահոտություն է տիրում, ամենուր աղբ է, դատարկ շշեր»,-նկարագրում է Վարլամովը:

Հոկտեմբերին մուտքն Ադրբեջան արգելել են ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովային, հայտնի ռուս գրող Լյուդմիլա Ուլիցկայային , «Հավատ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսսերին: Նրանք ընդգրկվել էին ԱԳՆ սև ցուցակում:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Լապշինին, սակայն 7 ամիս անց արտահանձնեց Իսրայելին: