11 հունիսի 2008 - 17:47 AMT
Ղարաբաղում պատերազմ հնարավոր է միայն կտրուկ ճգնաժամի դեպքում
«Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն դա կապված չէ նրա հետ, թե մեկը պատերազմ է ուզում: Այդպիսին է հակամարտությունների զարգացման տրամաբանությունը: Ղարաբաղում պատերազմ հնարավոր է միայն կտրուկ ճգնաժամի դեպքում: Սակայն բլիցկրիգ չի ստացվի, իսկ երկար պատերազմ միջազգային հանրությունը պարզապես թույլ չի տա: Ճիշտ է, քաղաքականությունում ամեն ինչ չէ, որ բացատրվում է նպատակահարմարությամբ»,- Երեւան-Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ԱՊՀ բաժնի ղեկավար Ալեքսանդր Սկակովը:
Իր հերթին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատել է, որ սպառազինության ընդլայնումը ամենակարճ ճանապարհն է դեպի խաղաղություն: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ մոտ ապագայում Ղարաբաղի խնդրի կարգավորումը չի սպասվում: «Դա շատ երկար գործընթաց է, որը նման է այլ համաշխարհային հակամարտություններին. Չինաստան-Տայվան, Հնդկաստան-Կաշմիռ, Իսրայել-Պաղեստին, Կիպրոս»,- ասել է նա: