6 նոյեմբերի 2018 - 12:43 AMT
Կարեն Նազարյան. ՀՀ-ԵՄ հարաբերությունները բավականին ինտենսիվ փուլում են

ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է բավական ինտենսիվ փուլ և առաջիկայում այս գործընթացը բոլոր դերակատարներից կպահանջի թիրախավորված աշխատանք և մոտեցումներ: Այդ մասին խորհրդարանում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը՝ ներկայացնելով ՀՀ-Եմ հարաբերությունները։

Նա ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում անկյունադարձային իրադարձություն հանդիսացավ ապրիլին Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրի վավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից, հայտնում է Panorama.am-ը։

«Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։

Մինչև օրս այն վավերացրել են բալթյան երկրները, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Ռումինիան, և մի շարք այլ երկրներ, որոնք մասամբ են իրականացրել, սակայն սպասվում է ամբողջական վավերացման գործընթաց մոտ ժամանակներս»,- մանրամասնել է Նազարյանը։

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Նոր մակարդակի խորհրդարանական այս ձևաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձևաչափին և կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցությունը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: