13 հունիսի 2008 - 16:14 AMT
ՆԱՏՕ-ն անվտանգության նոր ուժեր է ստեղծում Կոսովոյում
Կոսովոյում անվտանգության նոր ուժերի ստեղծմանն իր աջակցությունը հայտնելու մասին երեկ Բրյուսելում հայտարարել են ՆԱՏՕ-ի 26 երկրների պաշտպանության նախարարները: Հունիսի 15-ին ուժի մեջ է մտնում Կոսովոյի Սահմանադրությունը, ինչի կապակցությամբ Պրիշտինան ստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նամակը երկրամասում քաղաքացիական առաքելության բարեփոխման մասին, որը պետք է հարմարեցնել այդ ամսաթվին:
ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքերով, Դաշինքի ղեկավարությամբ սկզբում կսկսվի Կոսովոյի բանակի բարեփոխումը: Այն ստեղծվել է 1999 թվականին ՆԱՏՕ-ի աջակցությամբ ալբանական բանակի հիման վրա: Կոսովոյի ազատագրման բանակը կռվել է սերբերի դեմ: Անվտանգության նոր ուժերը կոչված են դառնալու պրոֆեսիոնալ եւ բազմազգ: Անվտանգության նոր ուժերի կազմում կլինի շուրջ 2500 մարդ, որոնք զինված կլինեն թեթեւ հրաձգային զենքով: Սկզբնական փուլում նրանց խնդիրը կլինի միայն արձագանքել արտակարգ իրավիճակներին եւ ապահովել քաղպաշտպանության գործառույթների կատարումը: Կոսովոյում անվտանգության պաշտպանության եւ արտաքին սահմանների պաշտպանության գործառույթները կշարունակեն կատարել KFOR ուժերը: KFOR-ի ուժերի քանակը Կոսովոյում շուրջ 16 հազար է: