13 հունիսի 2008 - 20:09 AMT
Երկու հայկական պետությունների ազգային անվտանգությունների հայեցակարգերը պետք է փոխկապակցված լինեն
ԼՂՀ ազգային անվտանգությունը կարող է եւ պետք է ապահովվի մի քանի մակարդակներով. ԼՂՀ անվտանգության համակարգով, Հայաստանի փաստագրված երաշխիքներով, Ադրբեջանի հետ ապագա խաղաղ պայմանագրում ներկայացված երաշխիքներով, ինչպես նաեւ միջազգային երաշխիքներով: Այդ մասին ասվում է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով անկախ փորձագետ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանի զեկույցում:

Նրա կարծիքով, եթե ԼՂՀ անվտանգության երաշխիքի մյուս ձեւերն ու մակարդակները պայմանավորված են երկկողմանի եւ բազմակողմանի բանակցությունների արդյունքներով, ապա որեւէ խոչընդոտ չկա ազգային անվտանգության սեփական համակարգի պակասող տարրերն ստեղծելու համար: «Մենք մինչեւ հիմա չունենք Ազգային անվտանգության հայեցակարգ: Այդ փաստաթղթում, որպես կանոն, ամրագրվում են անձի, հանրության եւ պետության անվտանգության ապահովման հարցում պետական ռազմավարությունը արտաքին եւ ներքին սպառնալիքներից, այդ թվում քաղաքական, տնտեսական, սոցիալական, ռազմական, տեխնոլոգիական, բնապահպանական, տեղեկատվական եւ այլ բնույթի` հաշվի առնելով ունեցած հնարավորությունները եւ պաշարները: Հայաստանի կողմից Ազգային անվտանգության հայեցակարգի ընդունումը անհրաժեշտ պայմաններ ստեղծեց ԼՂՀ-ում եւս նման փաստաթղթի մշակման եւ ընդունման համար: Ակնհայտ է, որ երկու հայկական պետությունների ազգային անվտանգությունների հայեցակարգերը պետք է փոխկապակցված լինեն եւ լրացնեն միմյանց»,- նշել է Մաիլյանը, հավելելով, որ ԼՂՀ Ազգային անվտանգության հայեցակարգում անհրաժեշտ է ամրագրել, որ ԼՂՀ-ն իր կայունությունը որպես ժողովրդավարական է տեսնում, հաղորդում է KarabakhOpen-ը: