16 հունիսի 2008 - 14:42 AMT
Հայաստանը ձգտում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ
«Միջազգային պարտավորությունների շրջանակներում զարգացող բաց, թափանցիկ համագործակցությունը Իրանի հետ չպետք է մտահոգության առարկա դառնա մեր գործընկերների համար»,-գտնում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Հայաստանը ձգտում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ: «Որքան էլ բարդ լինեն խնդիրները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, դրանք կարող են եւ պետք է իրենց լուծումը գտնեն կառուցողական երկխոսության միջոցով, ինչը բխում է մեր ժողովրդների եւ երկրների, ընդհամուր առմամբ ողջ տարածաշրջանի շահերից»,-գտնում է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ հայ-վրացական հարաբերությունների կարեւորության օբյեկտիվ պատճառները ոչ միայն տնտեսական բնույթ են կրում, այլ ունեն նաեւ պատմական արմատներ: «Վրաստանում մեծաթիվ հայ համայնք է բնակվում: Այդ եւ բազում այլ պատճառներով մեր երկու երկրների միջեւ ծագող հարցերը կարող են լուծվել բարիդրացիության պայմաններում, միտված լինելով ապագային»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: