
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը հայտնի է. այն գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրան հաջորդում են առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը:
Ցուցակի առաջին տասնյակը եզրափակում են մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը:
Նոյեմբերի 14-ին՝ մինչև ժամը 18:00-ն, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց նախընտրական ցուցակները: