16 հունիսի 2008 - 18:53 AMT
Հրդեհների շուրջ ադրբեջանական կողմից բարձրացված աղմուկը կրում է բացառապես քարոզչական բնույթ
Վերջին տարիներին ադրբեջանական կողմը կանոն է դարձրել` ամառնամուտին մեղադրել ղարաբաղյան կողմին սահմանամերձ տարածքի հրկիզումների մեջ, որոնց հետեւանքով հրդեհներն, իբր, տարածվում-հասնում են մինչեւ ադրբեջանական կողմը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում, իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը: «Բերքահավաքի վաղ շրջանի հրդեհների հիմնական պատճառներից մեկն այն է, որ բերքահավաքից հետո ադրբեջանցի ֆերմերներն ավանդաբար վառում են դաշտերում մնացած ծղոտը: Ադրբեջանական կողմում բերքը մոտավորապես երկու շաբաթով շուտ է հասունանում, քան` ԼՂՀ-ում, ինչը պայմանավորված է կլիմայական գոտով: Չոր ու շո գ եղանակին քամիները, որ գերակշռում են մեր գոտում, ադրբեջանական տարածքից կրակն արագորեն մղում են դեպի ԼՂՀ տարածքը: Պատահական չէ, որ արդեն քանիերորդ անգամ հրդեհները սկսվում են այն ժամանակ, երբ ավարտվում է հացահատիկայինների բերքահավաքը շփման գծից այն կողմ, ԼՂՀ սահմանակից` Ադրբեջանի հարթավայրային շրջաններում»,- նշել է Ծատուրյանը:

Նրա կարծիքով, հրդեհների շուրջ ադրբեջանական կողմից բարձրացված աղմուկը կրում է բացառապես քարոզչական բնույթ: «Եթե, իրոք, Ադրբեջանը մտահո գված լիներ բերքահավաքի վաղ շրջանի հրդեհներով, ապա չէր հրաժարվի իրականացնել այն երաշխավորությունները, որոնք մշակվել են հրդեհներից տուժած տարածքներում բնապահպանական իրավիճակի գնահատման նպատակով 2006թ. ԵԱՀԿ առաքելության կողմից տարածաշրջան կատարված այցի արդյունքում: Առաքելությունը հերքել է ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքները եւ կողմերին առաջարկել մի շարք երաշխավորություններ` հրդեհների կանխար գելման եւ դրանց դեմ համատեղ պայքարի համար: Սակայն ադրբեջանական կողմի մեղքով դրանցից եւ ոչ մեկը չի կատարվել: Ավելին, պաշտոնական Բաքուն հրաժարվել է նույնիսկ մասնակցել հանդիպման, որտեղ պետք է քննարկվեին առաքելության եւ նրա պատրաստած հաշվետվության արդյունքները: Պաշտոնական Բաքվի այդպիսի պահվածքը համոզչորեն ցույց է տալիս, թե իրականում նա ինչ մղումներով է առաջնորդվում, երբ հրդեհների հարցով քննարկումներ է նախաձեռնում քաղաքական կազմակերպություններում»,- ընդգծել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը: