17 հունիսի 2008 - 15:17 AMT
Հուլիսին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբը (նստավայրը` Թբիլիսի), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերություների արդի վիճակի առնչությամբ` միաժամանակ կարեւորելով տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Որպես երկկողմ հարաբերությունների առաջընթացի վկայություն նշվեց, հուլիսի սկզբին Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի Հայաստան կատարելիք պաշտոնական այցը:
Դեսպան Եսթրաբը, իր հերթին, բարձր գնահատեց Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, եւ հույս հայտնեց, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը առավել կընդլայնվի հատկապես 2009թ., երբ ԵՄ նախագահությունը ստանձնի Չեխիայի Հանրապետությունը:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Եսթրաբը քննարկեցին միջազգային կազմակերպություններում հայ-չեխական համագործակցության հարցերը, տնտեսական, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները: