6 սեպտեմբերի 2002 - 23:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈԻՄ ՉԿԱՆ ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Հայաստանում դավանանքի ազատության սահմանափակումներ չկան: «Արմինֆո» գործակալությանը նման կարծիք է հայտնել Երեւանում ՄԱԿ-ի ներկայացուցչության համակարգող,ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաքելության ղեկավար Ջոել Բուտրուն` մեկնաբանելով Հայաստանում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իավիճակը: Նրա խոսքերով, ինքը չի նկատել սահմանափակումներ այն անձանց նկատմամբ, որոնք այլ կրոնական համոզմունքներ ունեն, քան Հայ Առաքելական Եկեղեցին: «Ես Երեւանում տեսել եմ ե՛ւ մզկիթ, ե՛ւ կաթոլիկ տաճար, ինչը շատ բանի մասին է խոսում»,- ասել է Բուտրուն: Միեւնույն ժամանակ, շարունակելով մարդու իրավունքների պաշտպանության թեման` նա նշել է, որ մահապատժի վերացման ձգձգումը Հայաստանում վկայում է այն մասին, որ ժողովրդավարացման գործընթացը երկրում ավելի դանդաղ է ընթանում, քան ցանկալի է: «Սակայն, ես հասկանում եմ, որ այդ գործընթացը շատ բաներով կապված է հայկական խորհրդարանում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի դատավարության հետ»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: