23 նոյեմբերի 2018 - 16:14 AMT
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵՏՄ և Իրանի միջև ԱՏԳ մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսին Աստանայում և գործելու է 3 տարի: Այն նախատեսում է ԱՏԳ-ի ստեղծում ԵՏՄ-ի և Իրանի միջև ապրանքների սահմանափակ ցանկով:

Ըստ համաձայնագրի, փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 1 տարուց, կողմերը պարտավորվում են բանակցություններ սկսել ազատ առևտրի մասին լիարժեք համաձայնագրի շուրջ:

Փաստաթուղթը սահմանում է ԵՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելապես մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Համաձայնագրում արձանագրված են նաև վեճերի կարգավորման հիմնական մեխանիզմները:

Ակնկալվում է, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ՝ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար:ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտի կգործի՝ նախատեսվում է նվազեցնել կամ զրոյացնել ներկրման մաքսային տուրքերն ապրանքների բավականին լայն տեսականու համար: