24 նոյեմբերի 2018 - 15:05 AMT
Արցախն ու Մերձդնեստրը փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ կբացեն

Արցախն ու Մերձդնեստրը փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ կբացեն: Նոյեմբերի 23-ին Ստեփանակերտում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև համապատասխան համաձայնագիրը։

Նոյմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պատվիրակության հետ՝ ՄՄՀ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորությամբ։

Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նախօրեին ստորագրված համաձայնագիրը:

Կողմերի գնահատմամբ՝ համաձայնագիրը կլրացնի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային բազան և կարևոր քայլ կհանդիսանա տնտեսության ոլորտում կայուն փոխգործակցության հաստատման համար։

ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների և թե՛ պետական կառավարման համակարգի այլ մարմինների միջև, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը նաև քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունների և համատեղ գործնական ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր։