21 հունիսի 2008 - 14:47 AMT
Հայկական ընդդիմության հաջորդ հանրահավաքն անցնելու է հուլիսի 4-ին
Երեւանում հունիսի 20-ի ուշ երեկոյան ավարտվել է ընդդիմության հանրահավաքը: Ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթն սկսել է մեկ րոպե լռությամբ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը: Նրա խոսքերով, սա առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ի դեպքերից հետո: Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի դեպքերի 10 զոհերին ազգային հերոսի կոչում է տվել, քանի որ նրանք զոհվել են հանուն երկրի ժողովրդավարության եւ անկախության: Տեր-Պետրոսյանի խոսքերով, այս հանրահավաքը երկու նպատակ ունի, առաջին հերթին` ցույց տալ, որ ժողովրդի ոգին կոտրված չէ, եւ ապացուցել, որ ժողովուրդը չի ճանաչում Սերժ Սարգսյանի օրինականությունը: «Այսօրվա հանրահավաքը ցույց է տվել, որ ժողովուրդը դեռեւս պատրաստ է պաշտպանել իր իրավունքները եւ կկանգնի այնքան, քանի դեռ չի հասել նպատակին»,- նշել է նա: Տեր-Պետրոսյանը համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ Հայաստանի վարկանիշն ընկել է: «Ընկել է իշխանությունների վարկանիշը, իսկ Հայաստանի եւ ժողովրդի վարկանիշը կտրուկ աճել է»,- ընդգծել է նա:
Նա նորից ընդգծել է ընդդիմության պատրաստակամությունը իշխանությունների հետ երկխոսության գնալ, սակայն նկատել է, որ այդ երկխոսությունը առեւտրային բնույթ չի կրելու: «Մեզ պաշտոններ պետք չեն, մենք արդեն ունենք դրանք մեր ժողովրդի շնորհիվ: Քանի որ իրադրությունը ծագել է ընտրություններից հետո, հետեւաբար եւ ելքը իրադրությունից հնարավոր է ընտրությունների միջոցով»,- ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն մի քանի պայմաններ է ներկայացրել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու համար, մասնավորապես` մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն, հանրահավաքների անցկացման մասին օրենքում ուղղումների արգելումը եւ բոլոր քաղբանտարկյալների ազատումը: Նշելով, որ առաջին երկու պայմանները այնքան էլ կարեւոր չեն, եւ առավել եւս` անիրականալի` Տեր-Պետրոսյանը կոչ է արել իշխանություններին կատարել երրորդը` ամենակարեւորը: Նա հայտարարել է, որ եթե ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ, որտեղ լսվելու է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը, ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, նա կոչ կանի Վեհաժողովին չկիրառել խոստացված պատժամիջոցները Հայաստանի դեմ: Տեր-Պետրոսյանը կոչ է արել ժողովրդին վստահել ՀՀՇ Կենրոնին, խնդրելով չհավատել անհիմն ասեկոսեներին շարժման ղեկավարության հնարավոր փախուստի մասին: «Հավատացեք, որ պայքարը լքող վերջին մարդը ես եմ լինելու»,- ընդգծել է նա: Նա նշել է, որ հաջորդ հանահավաքը կայանալու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո` հուլիսի 4-ին, հաղորդում է Regnum-ը: