30 նոյեմբերի 2018 - 11:12 AMT
Փաշինյանն ու Սարգսյանը շնորհավորել են Վրաստանի առաջին կին նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել են Վրաստանի առաջին կին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես նշվում է.«Ընդունեք, խնդրեմ, ջերմագին շնորհավորանքներս եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ձեր՝ որպես Վրաստանի առաջին կին նախագահի ընտրությունը, հիրավի, պատմական իրադարձություն է, և ես ի սրտե մաղթում եմ, որ Ձեր պաշտոնավարումը Վրաստանի պատմության մեջ նշանավորվի շարունակական վերելքով և բարօրությամբ:Հավատացած եմ նաև, որ Հայաստանի և Վրաստանի՝ դարավոր բարիդրացիության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել՝ փոխադարձ վստահության և փոխըմբռնման մթնոլորտում, կընդլայնենք երկկողմ օրակարգը բազմաբովանդակ նոր ծրագրերով՝ մեր ժողովուրդների բարեկամության ողջ ներուժը ծառայեցնելով Հայաստանի և Վրաստանի առաջընթացին»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին աշխատանքային նվաճումներ ու հաջողություններ է մաղթել Զուրաբիշվիլիին՝ ի շահ Վրաստանի բարեկամ ժողովրդի:

«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական դինամիկա»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քաղաքացիները նախապատվությունը տվել են անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, որին սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: