23 հունիսի 2008 - 18:48 AMT
ՀՀ ԱԳՆ. Ռազմական ճանապարհով Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար
«Ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: Ղարաբաղի հակամարտության արդար եւ խաղաղ կարգավորման հարցը առանցքային նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության համար, հակամարտության հիմքում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման հարցն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկլավար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանելոբ Արդբեջանական կողմի հայտարարաություններն այն մասին, որ Հայաստանի դիրքորոշումը որոշակի փոփոխություններ է ապրել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը գտնում է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի հետեւյալ սկզբունքների վրա. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, Լեռնային Ղարաբաղը պետք է անխափան ու հայկական կողմի իրավազորության տակ գտվող ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:

«Այս սկզբունքների ընդունումն ու պայմանագրային ամրագրումը հնարավորություն կընձեռեն վերացնել հակամարտության հետեւանքները: Այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, բնականաբար, պետք է ղարաբաղյան կողմի հավանությունը ստանան»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Կողմերը պետք է զերծ մնան որեւէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն եւ խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին:
Նա նշել է, որ Ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակով ռազմատենչ քարոզչությունը եւ սպառնալիքները հիմնախնդրի հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության եւ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթին`1975թ. Հելսինկիի եզրափակիչ ակտին, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հարցի կարգավորման նպատակով բանակցություններ են ծավալվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների միջեւ: Հայաստանը կարեւորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ:

Ներգրավված լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում` Ադրբեջանը զուգահեռաբար փորձում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեղափոխել այլ միջազգային ատյաններ, շարունակում է միջազգային կազմակերպություններում հակամարտության էության խեղաթյուրումը եւ Հայաստանի դեմ ուղղված քարոզչությունը: Դա զգալիորեն խոչընդոտել եւ խոչընդոտում է հիմնախնդրի կարգավորմանը:

«Հայաստանը հաստատակամ է շարունակելու բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով»,- ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը: