24 հունիսի 2008 - 13:07 AMT
Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Հունիսի 26-27-ին Խանտի Մանսիյսկում կայանալիք Ռուսաստանի եւ Եվրամիության գագաթնաժողովում Եվրամիության ներկայացուցիչները մտադիր են պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվեն ռուս-վրացական հարաբերություններին առնչվող խնդիրներ, հաղորդել է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարեկլ ԵՄ ներկայացուցիչների հետ Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակը» Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես հայտարարել է Չիժովը, Եվրամիությունը չի թաքցնում, որ ձգտում է առավել ակտիվ մասնակցել «հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների» կարգավորմանը:

Ըստ Չիժովի, Ռուսաստանը պատրաստ է քննարկել այդ հարցերը եթե լինի այն բանի ընկալումը, որ դա չի արվի խախտելով բանակցային գործընթացների արդեն գոյություն ունեցող ձեւաչափերը: «Եթե խոսենք Լեռնային Ղարաբաղի մասին, ապա կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, կա եռակի համանախագահություն, որտեղ Ֆրանսիան ներկայացնում է նաեւ Եվրամիությունը: Կան նաեւ վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների կարգավորման համապատասխան ձեւաչափեր: Այնպես որ մենք կքննարկենք այդ թեման հենց այդ համատեքստում»,-ասել է Չիժովը:

Անդրադառնալով ՌԴ-ԵՄ գագաթնաժողովի միջազգային օրակարգին` Վլադիմիր Չիժովը հաղորդել է, որ, «սառեցված հակամարտությունների» ակնկալվող քննարկումից բացի, նրա մասնակիցները կքննարկեն նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Աֆղանստանում եւ Արեւմտյան Բալկանների տարածաշրջանում, ներառյալ, հավանաբար, նաեւ Կոսովոյի խնդիրը:

Քննարկումների թեմա կարող է դառնալ նաեւ Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության դիրքավորման երրորդ շրջանը, հայտարարել է Վ.Չիժովը:

«Լեհաստանն ու Չեխիան ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամներ են, այլ նաեւ Եվրամիության: Եվ ԵՄ այդ երկու երկրները բանակցում են, համաձայնության են գալիս ինչ-որ երրորդ կողմի հետ, որը ԵՄ անդամ չէ, ԱՄՆ-ի հետ, նման զգայուն հարցի շուրջ` առանց որեւէ քննարկման Եվրամիության շրջանակներում: Հարց է ծագում` էլ ինչ արժե ունի գովերգած եվրոպական քաղաքականությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում,-ասել է Չեխովը:-Ահա այս հարցն ենք մենք տալիս: Եվ ես չեմ բացառում, որ այն կտրվի նաեւ գագաթնաժողովում», հաղորդում է vsluh.ru-ն: