4 դեկտեմբերի 2018 - 14:02 AMT
Նախագահը ցավակցել է Ջորջ Բուշ ավագի ընտանիքին. Նրա մասին հիշողությունները վառ են նաև ՀՀ-ում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին՝ նշելով, որ նրա մասին հիշողությունները վառ են նաև Հայաստանում:

«Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ նրա իմաստնությունն ու քաղաքական քաջությունն այս գործում նրա հաջողության գրավականը դարձան:

Ես վառ հիշողություններ ունեմ Տեխասում, Լոնդոնում և այլուր մեր ունեցած անձնական հանդիպումներից: Նրա մասին հիշողությունները վառ են նաև Հայաստանում»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը կյանքից հեռացել է 95 տարեկանում: Բուշ ավագը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993թթ.: