9 դեկտեմբերի 2018 - 15:23 AMT
Թանկյանը «կեղեքիչ» է անվանել ՀՀԿ-ին. Աշոտյանը պատասխանել է

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

«Շատ հպարտ եմ, որ տարվա սկզբին քայքայիչ, անարդար և կոռումպացված ռեժիմից իրենց ազատագրած իմ եղբայրները և քույրերը գնալու են քվեարկելու նոր խորհրդարանի համար», - գրել է նա՝ հրապարակելով բրիտանական BBC-ի անդրադարձը ՀՀ-ում արտահերթ ընտրությունների մասին:

Նա անդրադարձել է նաև այդ հրապարակման մեջ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակից պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանի մեկնաբանությանը:

«Զայրանում են, երբ կարդում եմ 20 տարի երկիրը կողոպտած ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի նման մնացորդների հայտարարություններն այն մասին, թե ընտրություններին պատրաստվելու բավական ժամանակ չեն ունեցել», - գրել է նա:

Ի պատասխան այս խոսքերի՝ Արմեն Աշոտյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում: Թանկյանը այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը։ Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար։ Երբ դու նշում ես, որ «20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է», դու հանցագործության մասին ակամայից կամ մտածված հաղորդում ես տալիս, ինձ անվանական մեղադրանք առաջադրում, որին, հուսանք, ՀՀ ոստիկանությունը կարձագանքի, հակառակ դեպքում վերջնականապես կփաստվի, որ մեր երկրում իսկական ընտրովի արդադատություն է», - գրել է նա:

Թանկայանը գրել է նաև, որ շատ ուրախ է լսել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին:

«Ուրախ եմ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորված է: Հայաստանի ժողովուրդն արժանի է, որ արդարությունը վերականգնվի, պետք է այնպես անեն, որ բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Նախագահները, որոնք իրենց պաշտոններն օգտագործում են միլիարդատեր դառնալու, այլ ոչ թե երկրի շահերը սպասարկելու համար, կոռումպացված են: Հայաստանի հեղափոխությունը և նոր ուղին լավ օրինակ են՝ ինչպես է երկիրը խաղաղ կերպով անցում կատարում դեպի առաջադիմական էգալիտար հասարակություն: Շատ աշխատանք կա անելու՝ հատկապես տնտեսության ոլորտում, բայց ամենակարևորն այն է, որ մարդիկ զգոն են են և իշխանություն ունեն»,- գրել է նա: