ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն անցնում են հանգիստ և օրենսդրական նորմերին համապատասխան: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան, որը հետևում է ընտրությունների ընթացքին ՀՀ ԿԸՀ հրավերով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Քվեարկությունը դեռևս նորմալ է ընթանում, ըստ օրենքի: Մենք եղանք Երևանում ընտրատեղամասի բացմանը, ամեն ինչ ըստ օրենքի էր: Էլեկտրոնիկան նորմալ էր աշխատում»,-ասել է նա:
Այնուհետև դիտորդների խումբը, որի անդամ է Գրիշինան, այցելել է ևս 7 տեղամաս, որտեղ հետևել է քվեարկության ընթացքին:
Ըստ ՀՀ ԿԸՀ տվյալների, ժամը 14:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24.53 %-ը կամ 636,055 ընտրող:
«Տարբեր տեղամասերում պատկերը տարբեր էր: Մի տեղ բավականին շատ էին մարդիկ, արդեն բավականին ակտիվ էին մոտենում քաղաքացիները: Նույնիսկ փոքր հերթեր էին առաջացել»,-ասել է Գրիշինան:
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրություններ:Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: