ԱՄՆ-ն ցանկանում է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում շարունակվի
Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ն ակնհայտորեն կառուցողական դերակատարում է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման ու այստեղ ժողովրդավարության կայացման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը: Նրա կարծիքով, ԱՄՆ կառավարությունը տարիների ընթացքում Հայաստանին հատկացրել է շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն: «Դա շարունակվում է եւ այսօր, թե մեր երկկողմ աջակցության սովորական ծրագրերով, թե ՀՄԿ ծրագրի շրջանակում: Իհարկե ՀՄԿ ծրագրին անդրադառնում են նաեւ քաղաքական զարգացումներն ու բարեփոխումները»,-նշել է ամերիկացի դիվանագետը:
Միեւնույն ժամանակ Ջ.Պենինգտոնը նշել է, որ հնարավոր է, որ ՀՄԿ ծրագրի հետ կապված խնդիրներ լինեն եւ «դրանց մասին դեսպան Դանիլովիչը հստակորեն նշել է նախկին նախագահ Քոչարյանին ու նախագահ Սարգսյանին ուղղված նամակներում: Ու դրա պատճառն այն չէ, որ Միացյալ Նահանգները փորձում է կրճատել իր աջակցությունը Հայաստանին կամ ինչ-որ կերպ պատժել Հայաստանին, այլ այն, որ ՀՄԿ ծրագիրն ինքնին հանդիսանում է համաձայնություն ԱՄՆ ու ՀՀ կառավարությունների միջեւ. այո, աջակցությունը կտրամադրվի, բայց այն պետք է ուղեկցվի ժողովրդավարական բարեփոխումներով: Իսկ ընտրարշավը, ընտրության օրը, վերահաշվարկները, ետընտրական իրավիճակը ի վերջո հանգեցրեցին բռնությունների ու արտակարգ դրության. այս ամենը այնպիսի գործոններ են, որ կասկածի տակ են դնում ընթացիկ իշխանությունների հանձնառությունները ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Այն ինչ մենք ասել ենք կառավարությանը հրապարակավ ու առանձնազրույցներում այն է, որ մենք ցանկանում ենք, որ ՀՄԿ ծրագիրը շարունակվի, քանի որ այն օգնելու է գյուղական բնակավայրերի հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիների, բայց մենք կարող ենք դա անել միայն այն դեպքում, եթե իշխանությունները Հայաստանը վերադարձնեն դեպի զարգացման ժողովրդավարական ուղի` բաց չթողնելով ժողովրդավարական զարգացումների պահը»,-ասել է ժամանակավոր հավատարմատարը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ