26 հունիսի 2008 - 15:52 AMT
Իլհամ Ալիեւը կրկին հայտարարել է, որ «պատերազմը դեռեւս ավարտված չէ»
«ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրբեջանի անկախության առաջին իսկ օրերին քայլեր ձեռնարկվեցին ուժեղ ադրբեջանական բանակ ստեղծելու ուղղությամբ: Սակայն այսօր ադրբեջանական բանակը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին: Բարձրանում է պրոֆեսիոնալիզմի մակարդակը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի Զինված ուժերի ստեղծման 90-ամյակին նվիրված զինվորական շքերթի ժամանակ: Ի.Ալիեւը նշել է, որ ճակատային գծում ադրբեջանցի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ նկատել է «զինվորների մարտական պատրաստվածությունը, հայրեասիրության աճը»:

«Ադրբեջանը այժմ սկսում է ստեղծել ռազմա-արդյունաբերական համալիր, սպառազինության, զենքի, տեխնիկայի մեծ մասը մենք գնում ենք արտերկրում: Սակայն մենք ցանկանում ենք ինքներս արտադրել այդ տեխնիկան: Վերջին 5 տարիներին Ադրբեջանի պետական բյուջեն աճել է 10 անգամ: Մենք հիանալի հնարավորություններ ունենք Ադրբեջանում բոլոր ոլորտների զարգացման համար: Դեռեւս շարունակվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, սակայն հարցը դեռեւս լուծված չէ: Պատերազմը դեռ չի ավարտվել, ավատվել է պատերազմի միայն առաջին փուլը եւ մենք ցանկացած պահի պատրաստ ենք ազատել մեր գրավյալ հողերը»,-հայտարարել է Ալիեւը:

«Միջազգային իրավունքը, տնտեսական հնարավորությունները, ռազմական արդյունաբերությունը մեր կողմից են: Այսօր ադրբեջանական բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում»,-հայտարարել է Իլհամ Ալիեւը, հաղորդում է Day.az-ը: