11 դեկտեմբերի 2018 - 14:38 AMT
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն, առանց ԼՂ վերաբերյալ նախապայմանների: Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին:

«Մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախնական պայմանի և հուսով ենք, որ Թուրքիան ևս նման դիրքորոշում կորդեգրի»,-ասել է նա:

«Սակայն, Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, երրորդ երկրի հետ՝ նկատի ունեմ Ադրբեջանը»,-ասել է Փաշինյանը:

2018-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել է, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: