27 հունիսի 2008 - 14:58 AMT
Շվեյցարիան պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Շվեյցարիան միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշելին Կալմի Ռեյը: «Մենք միշտ պատրաստ ենք աջակցել հարաբերությունների հաստատմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, եթե Շվեյցարիային դիմեն նման խնդրանքով»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է հայկական տեսակետին, ապա, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, այն անփոփոխ է: «Հայաստանը պատրաստ է երկխոսության առանց նախապայմանների»,-ընդգծել է Նալբանդյանը:

Հայ-թուրքական սահմանը փակվեց Թուրքիայի կողմից 1993թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով: Սահմանի բացման պայմաններից մեկը Թուրքիան համարում է Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ի օգուտ Ադրբեջանի: